ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարվում է մրցույթ՝ Չարենցավանում ծրագրեր իրականացնելու նպատակով

12 սեպտեմբեր 2017
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը Հայաստանի Հանրապետության 2017 թվականի երիտասարդական մայրաքաղաք հռչակված Չարենցավան քաղաքում գործող երիտասարդական հասարակական կազմակերպությունների համար հայտարարում է դրամաշնորհային մրցույթ` Չարենցավանում ծրագրեր իրականացնելու նպատակով: 

Դրամաշնորհների չափը մինչև 500.000 ՀՀ դրամ է: Ներկայացվելիք ծրագրերի առաջնահերթությունները պետք է համապատասխանեն ՀՀ Կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի № 1693-Ն որոշմամբ հաստատված 2013-2017 թվականների երիտասարդական պետական քաղաքականության ռազմավարության գերակայություններին, այն է` 

• քաղաքական, տնտեսական, մշակութային կյանքին երիտասարդների մասնակցության գործընթացների խթանում, 
• երիտասարդների զբաղվածության և սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներ, 
• երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի խթանում, 
• երիտասարդների հոգևոր-մշակութային արժեքների զարգացում և ռազմահայրենասիրական դաստիարակություն, 
• կրթության շարունակականություն և ոչ ֆորմալ կրթության ճանաչելիություն: 

Մրցութային հայտերն ընդունվում են մինչև 2017 թվականի հոկտեմբերի 2-ը ներառյալ: Ծրագրի մեկնարկը պետք է նախատեսել ոչ ավելի շուտ, քան 2017 թվականի հոկտեմբերի 20-ը, իսկ ավարտը` ոչ ուշ, քան 2017 թվականի դեկտեմբերի 10-ը: 

Դիմումներն անհրաժեշտ է հասցեագրել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ, «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կազմկոմիտեի նախագահ Արսեն Քարամյանին և տպագիր ու էլեկտրոնային տարբերակներով ներկայացնել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն (ք. Երեւան, Աբովյան 9): 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ Համաձայն ՀՀ Կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի № 105-Ն որոշման 4-րդ կետի՝ ՀՀ Կառավարության 2013 թվականի ապրիլի 18-ի № 441-Ն որոշումը ուժը կորցրած է ճանաչվել: 

Մրցույթի ֆորմալ պահանջներին բավարարելու համար կազմակերպությունը ծրագրային հայտի հետ միաժամանակ պետք է կցի` 

1. Ծրագրերի ապրանքների, ծառայությունների և աշխատանքների նվազագույն գները (միավորի արժեքը) որոշելու համար իրականացրած առնվազն 3 գնային հարցումները` ընտրելով ամենաէժան առաջարկված գինը: Գնային հարցում համարվում են Ձեր հարցման հիման վրա տրված գրավոր կնքված/ստորագրված (կնիքի բացակայության դեպքում) և ստորագրված պաշտոնական գնային առաջարկները կամ գնացուցակ (pricelist առկայության դեպքում), որը պետք է ներբեռնել էլեկտրոնային կայքէջերից: Գնային հարցումները չեն կարող համարվել իրականացված, եթե դրանք ներկայացվում են հղման տեսքով (link): Գնային հարցման արդյունքները հանդիսանում են ծրագրային հայտի հավելված, և անհրաժեշտ է ներկայացնել ծրագրային հայտի հետ:
2. Ծրագրի նախահաշվի xls ֆայլը (կցվում է): 
3. Ծրագրի իրականացման ժամանակացույցը (Գանտի աղյուսակի տեսքով, ձևաչափը կցվում է): 
4. Կազմակերպության կանոնադրությունը: 

Խնդրում ենք ծրագրային հայտի նախահաշիվը և ժամանակացույցը լրացնել հայտարարության հետ կցված ձևաչափում: Ձեր կողմից խմբագրված, ձևափոխված կամ այլ ֆորմատով լրացված համապատասխան ձևաչափերը համարվելու են ֆորմալ պահանջների խախտումներ: 

Ծրագրային հայտերի ներկայացման վերջնաժամկետից ուշ, ծրագրի մեկնարկի և ավարտի ժամկետի խախտմամբ, ինչպես նաև ծրագրերի ներկայացման վերոնշյալ ֆորմալ պահանջին չբավարարող ծրագրային հայտերը կմերժվեն, և էլեկտրոնային փոստով կտեղեկացվեն դիմումատու կազմակերպությանը: 

Ծրագրային հայտերի նախահաշիվների լրացման կարգի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ և պարզաբանումներ ստանալու համար կարող եք դիմել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն, հեռ.՝ 011 54-69-31: 

Հատուկ հիշեցում՝ ծրագրի նախահաշվում չեն կարող ընդգրկվել կապիտալ բնույթի ծախսեր:
Բեռնել Բեռնել
Ետ գնալ