ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հրավիրում ենք հայ-ռուսական երիտասարդական երրորդ համաժողովին

27 հոկտեմբեր 2017
2017 թվականի նոյեմբերի 15-18-ը Հայաստանի Հանրապետության երիտասարդական մայրաքաղաք Չարենցավանին կից Աղվերան հանգստյան գոտում կկայանա հայ-ռուսական երիտասարդական երրորդ համաժողովը: 

Համաժողովի հիմնական նպատակներն են՝ աջակցել երիտասարդական քաղաքականության ոլորտում հայ-ռուսական համագործակցության ամրապնդմանը, դյուրացնել քաղաքականության համապատասխան ոլորտներում երիտասարդական խնդիրների բարձրացումը և խթանել երիտասարդների կարիքներին համահունչ միջոլորտային համագործակցությունը: 

Համաժողովի խնդիրներն են՝ նախաձեռնել երկխոսություններ, քննարկումներ, բանավեճեր մասնակիցների միջև, ներկայացնել հաջողված փորձը, ամրապնդել երիտասարդական քաղաքականության, աշխատանքի և երիտասարդների մասնակցության ոլորտում միջպետական փորձի փոխանակումը, երկու երկրների երիտասարդական կազմակերպությունների միջև հաստատել արդյունավետ համագործակցային կապերը, միջմշակութային երկխոսության միջոցով աջակցել ՀՀ և ՌԴ երիտասարդության միջև հանդուրժողականության, վստահության և սոցիալական համերաշխության ձևավորմանը: 

Մասնակիցներին պետք է լինեն՝ 16-30 տարեկան, երիտասարդական կազմակերպության անդամ կամ ուսանող, ունենան համաժողովի աշխատանքներին և հետագա զարգացումներին մասնակցության մոտիվացիա, միջազգային/միջմշակութային երիտասարդական միջոցառումներին մասնակցության փորձ, միջմշակութային երկխոսության զարգացման հետաքրքրվածություն, համաժողովի ընթացքում ստացված գիտելիքների տարածման պատրաստակամություն, համաժողովի ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումներին մասնակցության պատրաստակամություն, համաժողովի ծրագրի մասին սոցիալական ցանցերում կամ ԶԼՄ-ներում ինֆորմացիայի տարածման պատրաստակամություն: 

Համաժողովի կազմակերպիչների կողմից կընտրվեն ՀՀ-ն ներկայացնող 45 մասնակիցներ և փորձագետներ ՝ վերոնշյալ չափանիշների հիման վրա: ՌԴ-ի կողմից Համաժողովին կմասնակցեն 35 երիտասարդներ և փորձագետներ: 

Ֆինանսական և տեխնիկական պայմանները՝ կեցությունը, սնունդը և կազմակերպչական փոխադրումները Երևանից մասնակիցների համար վճարվում են համաժողովի կազմակերպիչների կողմից: 

Խնդրում ենք մասնակցության հայտերը՝ Ձեր ինքնակենսագրությամբ ուղարկել մինչև ս.թ. նոյեմբերի 05-ը eritportal@gmail.com էլեկտրոնային հասցեին: Կազմակերպիչների կողմից կիրականացվի ընտրություն և արդյունքների մասին կծանուցվի դիմողներին: 

Համաժողովի կազմակերպիչներն են՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն, ՌԴ կրթության և գիտության նախարարություն, ՌԴ երիտասարդության հարցերով դաշնային գործակալություն, «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն, «Միջազգային երիտասարդական կենտրոն» դաշնային պետական բյուջետային կազմակերպություն: 

Հավելյալ ինֆորմացիայի համար կարող եք դիմել՝ 011 70-45-47 կամ գրել eritportal@gmail.com: 

Հայտադիմումը և ծրագրի նախագիծը կցված են:
Բեռնել Բեռնել
Ետ գնալ