ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նախարարությունը հայտարարում է երիտասարդական աշխատողի վերապատրաստման դասընթացի մասնակիցների ընտրության մրցույթ

12 սեպտեմբեր 2017
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից երիտասարդական աշխատողների եւ փորձագետների համար իրականացվող երիտասարդական աշխատողի վերապատրաստման ծրագրի առաջին՝ բազային փուլը կկայանա 2017 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին: 

Դասընթացի առկա (face to face) հանդիպումները 2017 թվականի նոյեմբերիի 3-5-ը, նոյեմբերի 10-12-ը և դեկտեմբերի 16-17-ը անցկացվելու են Հայաստանի Հանրապետության 2017 թվականի երիտասարդական մայրաքաղաք Չարենցավանում: Դասընթացների միջակայքում կիրականացվեն ինքնուրույն աշխատանքներ: Մասնակիցը պարտավոր է հավաստել իր մասնակցությունը դասընթացների բոլոր փուլերին: 

Վերապատրաստումն իրականացնելու համար հիմք է ծառայելու ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 2015 թվականի դեկտեմբերի 29-ի № 301-Ա/1 հրամանով հաստատված «Երիտասարդական աշխատողի վերապատրաստման ծրագիրը»: 

Դասընթացին կարող են մասնակցել երիտասարդների, երիտասարդական խմբերի հետ կամ երիտասարդության հիմնախնդիրների լուծմանն ուղղված աշխատանք տանող կազմակերպությունների ներկայացուցիչներ: 

Դասընթացներին ամբողջական մասնակցություն ունեցած եւ դասընթացի ընթացքում բոլոր առաջադրանքները կատարած երիտասարդական աշխատողները կստանան ավարտական հավաստագիր, որը հետագայում կդիտարկվի առավելություն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրերում: 

Հայտերի ընտրության ժամանակ նախապատվություն կտրվի ՀՀ մարզերը ներկայացնող երիտասարդական աշխատողներին՝ պահպանելով մարզային ներկայացվածության և սեռային բալանսները: Յուրաքանչյուր կազմակերպությունից կընտրվի միայն մեկ մասնակից: 

Եթե ցանկություն ունեք մասնակցելու երիտասարդական աշխատողի վերապատրաստման ծրագրին, ապա խնդրում ենք մինչեւ ս.թ. հոկտեմբերի 20-ը eritportal@gmail.com էլ. հասցեով ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն ներկայացնել հայերեն լեզվով գրված ձեր CV-ն և դասընթացին մասնակցության մոտիվացիոն նամակը` համաձայն կից ձեւի և երաշխավորագիր այն կազմակերպության կողմից, որը Դուք ներկայացնում եք: Երաշխավորագրում պարտադիր պետք է նշված լինեն թե^ Ձեր գործառույթները կազմակերպությունում և թե^ կազմակերպությունը ինչպես է տեսնում Ձեր հետագա գործունեությունը:
Բեռնել
Ետ գնալ