ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նախարար Գաբրիել Ղազարյանի 100 օրվա պաշտոնավարման ամփոփիչ մամուլի ասուլիսը

20 օգոստոս 2014
Այսօր՝ օգոստոսի 20-ին, նախարարության դահլիճում կայացավ նախարար Գաբրիել Ղազարյանի մամուլի ասուլիսը՝ նվիրված պաշտոնավարման 100 օրվա ավարտին: 
Գաբրիել Ղազարյանը ներկայացրեց նախորդ 3 ամսվա ընթացքում կատարված ծրագրերի ու աշխատանքների, այցելությունների և հանդիպումների վերաբերյալ ամփոփ հաշվետվություն, ինչպես նաև տեղեկացրեց նախարարության կողմից իրականացվելիք հեռանկարային ծրագրերը, մասնավորապես՝ Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ սպորտի, ֆիզիկական դաստիարականության և առողջ ապրելակերպի մասսայականացման քարոզչությունն ակտիվացնելու համար Երևանի Ազատության հրապարակում անցկացվելու են մարզաձևերի ցուցադրական մրցումներ: Նախարարի խոսքերով՝ այս միջոցառումը սկսվելու է մայրաքաղաքում և տարածվելու է ՀՀ մարզերում: 
Հաջորդ ծրագիրը, որին անդրադարձավ նախարարը, վերաբերում է ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ հանրակրթական դպրոցներում ֆիզիկական դաստիարակություն առարկայի դասավանդման մոտեցումներին և մեթոդաբանության փոփոխությանը, ինչը հնարավորություն կտա մեծացնել հետաքրքրությունն այդ առարկայի նկատմամբ: 
Գաբրիել Ղազարյանը տեղեկացրեց, որ նախարարության ենթակայությամբ գործող մարզադպրոցներում ստեղծվելու են խորհուրդներ, որոնց առկայությունն այդ մարզադպրոցներում աշխատանքների կազմակերպումն առավել արդյունավետ և համակարգված կդարձնի, իսկ նախարարությունում աշխատանքներ են տարվում ֆիզկուլտուրային-առողջարարական համալիրի ստեղծման (նախկին՝ «ՊԱՊ» համալիր) ուղղությամբ: 
Հանրությանն իրազեկելու նպատակով՝ հանդիպման ավարտին զանգվածային լրատվության միջոցներին տրամադրվեց մանրամասն տեղեկատվություն՝ հաշվետու ժամանակահատվածում կատարված, ինչպես նաև կատարվելիք ծրագրերի և աշխատանքների մասին:
Ետ գնալ