ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նախարար Գաբրիել Ղազարյանն ամփոփել է 2014 թվականին նախարարության կողմից իրականացված աշխատանքները

25 դեկտեմբեր 2014
Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն ամփոփել է 2014 թվականին նախարարության կատարած աշխատանքները: 

Նախարարը ներկայացրել է ընթացիկ տարում սպորտի մասսայականացման, երիտասարդական ծրագրերի իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքների, մարզական նվաճումների, միջազգային նոր կապերի հաստատման, մարզային այցելությունների և հանդիպումների վերաբերյալ ամփոփ հաշվետվություն, ծանոթացրել նախարարության կողմից 2015 թվականին իրականացվելիք հեռանկարային ծրագրերին:

Գաբրիել Ղազարյանը, առանձնացնելով բարձրագույն նվաճումների սպորտի ոլորտը, առանձնահատուկ կարևորել է աշխարհի չեմպիոններ Արսեն Ջուլֆալակյանի և Արթուր Ալեքսանյանի հաղթանակներն ու հավելել, որ 2014 թվականին հայ մարզիկների կողմից 118 մեդալ է նվաճվել Եվրոպայի և աշխարհի առաջնություններում, պատանեկան երկրորդ օլիմպիական խաղերում: 

Նախարարը, անդրադառնալով ՀՀ մարզեր իր պարբերական այցերին շեշտել է, որ իր այցելությունները միտված են ոչ միայն առկա խնդիրներին ծանոթանալուն, այլ նաև տեղերում դրանց լուծումներ տալուն: 

Գաբրիել Ղազարյանը նշել է, որ 2015-ին ֆինանսավորվող 30 ֆեդերացիաներին ավելացել են ևս երկուսը՝ եռամարտի (տրիատլոն) ու ջրագնդակի, որոնք հաջորդ տարի պետբյուջեից գումար են ստանալու: 2015 թվականից ՀՀ-ում գործելու են համալիր գիտական խմբեր, որոնց կազմում ընդգրկված են լինելու հոգեբաններ, կենսաքիմիկոսներ, սպորտային բժիշկներ և գիտնականներ: Այդ խմբերը զբաղվելու են հավաքական թիմերով, ինչպես հենակետային մարզաձևերում, այնպես էլ այն մարզաձևերում, որտեղ հայ մարզիկները կարող են վարկանիշ ձեռք բերել Ռիո դե Ժանեյրոյում անցկացվելիք օլիմպիական խաղերին մասնակցելու համար: 

Հանդիպման ընթացքում նախարար Գաբրիել Ղազարյանը պատասխանել է լրագրողներին հետաքրքրող հարցերին, ինչպես նաև նախարարության անունից շնորհակալագրեր հանձնել մի քանի լրատվամիջոցների` սերտ համագործակցության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի ակտիվ ու անաչառ լուսաբանման համար:
Ետ գնալ