ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նախարար Ռոստոմյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Վասիլիս Մարագոսին

07 փետրվար 2018
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերի գլխավոր տնօրենության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերի բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսին՝ Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու ուղեկցությամբ: 

Կողմերը քննարկել են 2017-2020 թվականներին Եվրամիության կողմից սպորտի և երիտասարդության ոլորտներին տրամադրվող աջակցության վերաբերյալ հարցեր: 

Նախարարը ողջունել է հյուրերին և նշել, որ Հայաստանի Հանրապետությունը մեծ կարևորություն է տալիս եվրոպական կառույցների հետ ընդլայնված և սերտ համագործակցությանը հատկապես երիտասարդական քաղաքականության ոլորտում: «Համագործակցության արդյունավետության բարձրացման նպատակով կարևոր են երիտասարդների անձնական շփումները: Կարծում եմ՝ եվրոպացի երիտասարդների այցելությունները մեր երկիր կբարձրացնեն նրանց տեղեկացվածության մակարդակը Հայաստանի, մեր ավանդույթների, պատմամշակութային արժեքների և ազգային առանձնահատկությունների վերաբերյալ: Իսկ երիտասարդների ներգրավվածությունը տարբեր ոլորտներում մեր նախարարության ռազմավարության առանցքային ուղղություններից մեկն է»,- ասել է նախարարը: Նա նաև տեղեկացրել է, որ երկրորդ տարին է անընդմեջ, ինչ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից բոլոր դրամաշնորհային ծրագրերն իրագործվում են Հայաստանի Հանրապետության մարզերում: 

Վասիլիս Մարագոսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ Եվրահանձնաժողովի կողմից իրագործվող ծրագրերի քննարկման նպատակով հանդիպումներ են իրականացվել նաև ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ կրթության և գիտության և մյուս շահագրգիռ գերատեսչությունների հետ: «Կոնկրետ գործողությունների ծրագրեր ներկայացնելու համար հաշվի են առնվելու ձեր երկրի առանձնահատկությունները: Ես համամիտ եմ, որ երիտասարդների միջև անձնական շփումները նրանց ինտեգրման ամենակարճ ճանապարհն են»,- ասել է Վասիլիս Մարագոսը:
Ետ գնալ