ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նախարարությունը, ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան հետ համատեղ, Երևանում կկազմակերպի ճապոնական մարտարվեստների «Բուդո» փառատոն

28 հունիս 2017
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն այսօր ընդունել է մեր երկրում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչիին և նրա հետ քննարկել աշնանը Երևանում կայանալիք ճապոնական մարտարվեստների «Բուդո» փառատոնի կազմակերպչական մի քանի հարցեր: 

Դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության և փառատոնի կազմակերպչական աշխատանքներին աջակցելու համար և տեղեկացրել, որ նախատեսվում է փառատոնի շրջանակներում կազմակերպել Հայաստանի ձյուդոյի, կարատեի և այլ ճապոնական մարտարվեստների մարզաձևերի ֆեդերացիաների մարզիկների, ինչպես նաև Ճապոնիայից հրավիրված վարպետների ցուցադրական ելույթներ: 

Նախարարը, ողջունելով ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան՝ Երևանում ճապոնական մարտարվեստների «Բուդո» փառատոն կազմակերպելու նախաձեռնությունը, տեղեկացրել է, որ ինքը միաժամանակ նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղարն է, և փառատոնի կազմակերպչական աշխատանքներին կաջակցի նաև ՀԱՕԿ-ը: 

«Հայտնի է, որ 2020 թվականին Տոկիոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին առաջին անգամ մասնակցելու են նաև կարատե մարզաձևի ներկայացուցիչները: Վստահ եմ, որ փառատոնի շրջանակներում այս մարզաձևի ճապոնացի վարպետների կողմից անցկացվող վարպետության դասերը կօգնեն հայ կարատեիստներին՝ հարստացնելու իրենց գիտելիքները և լավ հանդես գալու «Տոկիո-2020»-ի մրցագորգերում»,- ասել է նախարարը: 

Նշենք, որ փառատոնի կազմակերպմանը աջակցելու են նաև Հայաստանի ձյուդոյի և ավանդական կարատեի ֆեդերացիաները, որոնց նախագահները նույնպես մասնակցել են քննարկմանը: 

Ճապոնական մարտարվեստների «Բուդո» փառատոնը մեր երկրում անցկացվելու է 2-րդ անգամ. առաջինը Երևանում կայացել է 2016 թվականի սեպտեմբերի 11-ին:
Ետ գնալ