ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ավարտվեցին առաջին հանրապետական ուսանողական մարզական խաղերը

04 դեկտեմբեր 2017
Երևանի պետական համալսարանի մարզադահլիճում կայացած բասկետբոլի մրցումների եզրափակիչ խաղով ավարտվեցին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացվող առաջին հանրապետական ուսանողական մարզական խաղերը: 

Խաղերի ծրագրով անցկացվող բասկետբոլի եզրափակիչ խաղում հաղթեցին Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի տղաների և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի աղջիկների թիմերը: 

Ընդհանուր միավորների հաշվարկով հանրապետական ուսանողական խաղերում հաղթողի կոչմանն արժանացավ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի թիմը (545 միավոր), երկրորդ տեղը զբաղեցրեց Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի թիմը (425 միավոր), իսկ երրորդ տեղը՝ Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի թիմը (360 միավոր): 

Մրցանակակիր թիմերն արժանացան ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության գավաթներին, շնորհակալագրերին և հավաստագրերին: 

Հաղթող և մրցանակակիր թիմերին շնորհավորեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը: «Վստահ եմ, որ առաջին անգամ անցկացված հանրապետական ուսանողական խաղերը ծառայեցին իրենց նպատակին: Շուրջ 20 բուհերի մոտ 3000 ուսանողներ տարբեր մարզաձևերում պայքարեցին իրենց բուհի մարզական պատիվը բարձր պահելու համար: Շնորհավորում եմ 2017 թվականի լավագույն մարզական բուհ ճանաչված Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի թիմին և մյուս մրցանակակիրներին»,- նշեց Գ. Ղազարյանը: 

Հիշեցնենք, որ hանրապետական ուսանողական մարզական խաղերի ծրագրով մասնակիցները մրցել են բասկետբոլ, վոլեյբոլ, ֆուտզալ, սեղանի թենիս, հրաձգություն և ատլետիկական բազմամարտ մարզաձևերում:
Ետ գնալ