ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Գաբրիել Ղազարյանն ընդունել է վոլեյբոլի եվրոպական կոնֆեդերացիայի ներկայացուցիչներին

19 մարտ 2019
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի առաջին տեղակալ, նախարարի պարտականությունները կատարող Գաբրիել Ղազարյանն ընդունել է վոլեյբոլի եվրոպական կոնֆեդերացիայի պատվիրակությանը՝ կոնֆեդերացիայի մարզչական կոմիտեի քարտուղար Թոմաս Բրո-Ռասմուսենին (Thomas Bro-Rasmussen) և զարգացման դեպարտամենտի պատասխանատու Ֆրանսուա Վոտեսին (François Watthez): Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Մուրադյանը և գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը: 

Գաբրիել Ղազարյանը ողջունել է հյուրերին և կարևորել Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի և վոլեյբոլի եվրոպական կոնֆեդերացիայի համագործակցությունը ոչ միայն վոյելբոլի զարգացման, այլև այդ մարզաձևի մասսայականացման և տարածման գործում: «Տարեցտարի վոլեյբոլը մեր երկրում ավելի ու ավելի մեծ տարածում է գտնում, ինչը Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի կատարած աշխատանքի արդյունքն է: Իհարկե, համագործակցությունը մարզաձևի միջազգային կառույցների և մասնավորապես եվրոպական կոնֆեդերացիայի հետ նպաստում է ֆեդերացիայի կողմից նախանշված ծրագրերի իրականացմանը»,- նշել է նախարարի առաջին տեղակալը: 

Հյուրերը Հայաստանում են հանրակրթական դպրոցներում անցկացվող «Վոլեյբոլը՝ դպրոցներում» ծրագրի իրականացման ընթացքին ծանոթանալու նպատակով: Եվրոպական կառույցի ներկայացուցիչները հանդիպելու են նաև ծրագիրն իրականացնող Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի աշխատանքային խմբի անդամներին, ներկա են գտնվելու ծրագրի շրջանակներում Երևանի № 171 դպրոցում կազմակերպված վոլեյբոլի փառատոնին:

Նշենք, որ ծրագիրը քառամյա է, այն մեկնարկել է 2018 թվականին: Ծրագրով նախատեսված է յուրաքանչյուր տարի 12 դպրոցներում անցկացնել վոլեյբոլի փառատոն՝ հանրակրթական դպրոցներին տրամադրելով մասնագիտական մարզագույք (վոլեյբոլի ցանց և գնդակ):
Ետ գնալ