ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մեկնարկեց «Թրաֆիքինգի դեմ պայքար ուսանողական մրցադաշտում» ծրագիրը

19 դեկտեմբեր 2018
Մեկնարկեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Թրաֆիքինգի դեմ պայքար ուսանողական մրցադաշտում» թեմայով գիտելիքների ծրագիր-մրցախաղն՝ ուղղված երիտասարդների խոցելիության նվազմանը և մարդկանց թրաֆիքինգի ու շահագործման վտանգների մասին իրազեկվածության մակարդակի բարձրացմանը: 

Ծրագրի նախատեղեկատվական փուլում, թեմայի վերաբերյալ դասախոսությամբ և փորձագիտական խորհրդատվությամբ հանդես եկան Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ, փորձագետ Միրա Անտոնյանը և Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի վարչության անդամ, «Նագաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնի ծրագրերի ղեկավար, ԵՊՀ Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ, փորձագետ Նունե Գեղամյանը: 

Փորձագետները մասնակիցներին ներկայացրեցին թե ինչպես են զոհերը գիտակցաբար համաձայնվում ստրկական աշխատանքին կամ իրենց օրգանների վաճառքին և թե ինչպես են երիտասարդները համարվում թրաֆիքինգի ռիսկային խումբ։ Խոսվեց նաև թրաֆիքինգի սխալ պատկերացումների մասին։ 

Նախապատրաստական փուլի ավարտին, մասնակիցներին, որպես լրացուցիչ ինֆորմացիայի հարթակ, ներկայացվեց antitrafficking.am կայքը և օգնության հեռախոսահամարները։
Ետ գնալ