ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սպորտլանդիայի հաղթողներին պարգևատրել են անվանի մարզիկները

23 մայիս 2018
Երեկ՝ մայիսի 22-ին, «Գյումրու խաղերի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի մարզադահլիճում կայացել է «Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 1-ինից 3-րդ դասարանների միջև անցկացվող սպորտլանդիա» մարզական միջոցառման եզրափակիչ փուլը: 

Սպորտլանդիայում ուժերն են չափել Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերը, Երևան քաղաքը և Արցախի Հանրապետությունը ներկայացնող հանրակրթական դպրոցների թիմերը: «Սպորտլանդիայում» հաղթող է ճանաչվել ՀՀ Արարատի մարզի Վանաշենի միջնակարգ դպրոցի թիմը: Երկրորդ տեղը զբաղեցրել է ՀՀ Շիրակի մարզի Ախուրյանի № 2 դպրոցի թիմը, իսկ երրորդ տեղը՝ ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի գյուղի միջնակարգ դպրոցի թիմը: 

Հաղթողների պարգևատրումը կատարել են օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը և բռնցքամարտի Եվրոպայի մինչև 22 տարեկանների բրոնզե մեդալակիր Արթուր Հովհաննիսյանը: 

Առաջին տեղը գրաված թիմն արժանացել է հաղթողի գավաթի և 450.000 ՀՀ դրամ պարգևավճարի: Երկրորդ տեղը գրաված թիմը պարգևատրվել է 350.000 ՀՀ դրամով, իսկ երրորդ տեղը գրաված թիմը՝ 250.000 ՀՀ դրամով: Մրցմանը մասնակցած դպրոցներին հանձնվել է մարզագույք, իսկ բոլոր թիմերի անդամներին՝ մարզահագուստ: 

Նշենք, որ դրամական պարգևները դպրոցների կողմից պետք է օգտագործվեն բացառապես մարզագույք ձեռք բերելու նպատակով:
Ետ գնալ